AM
1 Փետրվար 2012 - 13:49 AMT

Նստարանների ու խաղահրապարակի փոխարեն՝ խանութնե՞ր

Մաշտոցի պողոտայի այգում ծառերի հովին նստարանների փոխարեն Երևանի քաղաքապետարանը խանութներ է տեղադրում։ Քաղաքապետարանում նշում են, թե իրենք կանաչ տարածությանը չեն «կպնում» և ոչ մի ծառ չեն հատում։ Բայց ո՞ւմ է պետք այգի առանց ճեմուղիների կամ նստարանների։ Այն կդադարի պարզապես այգի լինելուց, որտեղ կարելի է նստել ծառի տակ ու մաքուր օդ շնչել, որտեղ երեխաները կարող են հանգիստ վազվզել ու խաղեր խաղալ։ PanARMENIAN.Net-ի թղթակիցն այցելել է վերոնշյալ այգին, տեսել, թե ինչպես է այն վերածվում բացօթյա հանրախանութի։ Եվ այդ ամենն արվում է օրը ցերեկով ու առանց համապատասխան փաստաթղթերի. շինհրապարակում շինարարության մասին իրազեկող և որևէ ցուցանակ չկա:

Իրականացվող շինարարության շուրջ բարձրացած բողոքին ի պատասխան Երևանի քաղաքապետարանը տարածել է պաշտոնական պարզաբանում, որի մեջ ասվում է, թե քաղաքապետարանը «Երևանի Կենտրոնի գոտևորման նախագծին» համապատասխան կառուցապատման աշխատանքներ է կատարում պողոտայի նշյալ հատվածում:

Վերոնշյալի հետ կապված «Մենք ենք այս քաղաքի տերը» և «Մեր քաղաքը» քաղաքացիական նախաձեռնությունները տարածել են հայտարարություն՝ նշելով, որ, իրականում, Երևանի քաղաքապետարանը հիշյալ կառուցապատումը չի՛ իրականացնում Երևանի գլխավոր հատակագծին և Կենտրոնի գոտևորման նախագծին համապատասխան. «Նշված փաստաթղթերով խնդրո առարկա տարածքը կանաչ գոտի է, որում սպասարկման որևէ օբյեկտի կառուցումը ՀՀ օրենսդրության կոպիտ խախտում է այն պարզ պատճառով, որ չի համապատասխանում տարածքի նպատակային և գործառնական նշանակությանը»:

Նախաձեռնություններն անդրադառնում են նաև նույն պարզաբանման մեջ տեղ գտած մեկ այլ փաստարկի, ըստ որի կառուցապատումը «հիմնականում սպասարկելու է «Հին Երևան» ծրագրով նախատեսված հատվածը». «Հին Երևան» ծրագրի նախագիծը երբևէ հանրային քննարկման չի դրվել, ինչը նշանակում է, որ ծրագրի շրջանակներում իրականացվող որևէ շինարարություն անօրինական է, քանի որ խախտում է «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքը, որի համաձայն տեղական ինքնակառավարման մարմինը պարտավոր է քաղաքաշինական ծրագրերը և նախագծերը հաստատելուց առաջ ներկայացնել հասարակական քննարկման»: