ԱՄՆ-ը հաշվարկում է Աֆղանստանում իր զորքերի մարտական առաքելությունն ավարտել հաջորդ տարվա կեսին: Այդ մասին չորեքշաբթի օրը Բրյուսելի ճանապարհին լրագրողներին է հայտնել Պենտագոնի ղեկավար Լեոն Պանետտան, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:
«Մենք հուսով ենք, որ 2013թ. կեսերին կկարողանանք մարտական դերի կատարումից անցնել աֆղանական անվտանգության ուժերի նախապատրաստման և նրանց այլ աջակցություն ցուցաբերելու հետ կապված խնդիրների իրականացմանը»,- նշել է նա:
Պանետտայի խոսքով` ԱՄՆ-ի և Աֆղանստանում անվտանգությանն աջակցության միջազգային ուժերում նրա դաշնակիցների զորքերը հետագայում ևս կշարունակեն ակտիվորեն օժանդակել աֆղանական բանակի կողմից օպերացիաների իրականացման ժամանակ:
Բելգիայում ՆԱՏՕ-ի կենտրոնական գրասենյակում տեղի կունենա Դաշինքի անդամ երկրների ռազմական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը` նվիրված հիմնականում Աֆղանստանում օպերացիայի շարունակման հարցերին:





