AM
2 Փետրվար 2012 - 06:45 AMT

Ձյան ուժեղ տեղումները կաթվածահար են արել Եվրոպան

Եվրոպայում ձյան առատ տեղումները հանգեցրել են ավտոերթևեկության խաթարմանը, ինչպես նաև էլեկտրա և ջրամատակարարման համակարգերի խափանմանը: Ցրտերից մահացել է մոտ 80 մարդ, հիմնականում Լեհաստանում և Ուկրաինայում:

Չորեքշաբթի Կիևում փակվել են դպրոցներն ու ԲՈւՀ-երը: Ուկրաինական իշխանությունների տվյալներով, վերջին օրերը ցրտից մահացել է 13 մարդ, իսկ ցրտերից մահացած ուկրաինացիների ընդհանուր թիվը 43 է:

Ուկրաինայի տարբեր քաղաքներում կազմակերպվել են շուրջօրյան ջեմացման 1500 կենտրոններ, որտեղ վերջին օրերի ընթացքում դիմել է արդեն 24 հազար մարդ: Իշխանությունները ծրագրում են բացել ջեռուցման գեներատորներով, տաք թեյով և սննդամթերքով ևս 150 վրան:

Տեղի 600 բնակիչների պահանջվել է բժշկական օգնություն ցուցաբերել:

Փետրվարի սկզբին Ուկրաինայի առանձին շրջաններում օդի ջերմաստիճանը կիջնի 29-33 աստիճան ըստ Ցելսիուսի սանդղակի: Իտալիայի կենտրոնական շրջաններում արգելվել է ծանրաբեռնված բեռնատարների մուտքը ավտոճանապարհներ, դադարեցվել են Իտալիայի բարձրագույն լիգայի մի քանի ֆուտբոլային հանդիպումներ:

Հունաստանի հյուսիսում փակվել են դպրոցները, որտեղ գրանցվել է -16 աստիճան ցուրտ, հայտնում է BBC: