Ռուսաստանը հասկացնել է տվել, որ ՄԱԿ Անվտանգության խորհրդում կօգտվի վետոյի իրավունքից, եթե Սիրիայի վերաբերյալ բանաձևի նախագիծն ուրբաթ օրը դրվի քվեարկության: Այդ մասին հաղորդել են դիվանագիտական աղբյուրները:
Ինչպես հաղորդում է BBC-ն, ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչները հայտարարել են, որ նրանց ավելի շատ ժամանակ է անհրաժեշտ Մոսկվայի հետ խորհրդակցելու համար:
Միաժամանակ, բանաձևի նախագիծն ուղարկվելու է ՄԱԿ ԱԽ անդամ-երկրների կառավարությունների հետագա աշխատանքի համար:
Հինգշաբթի օրը Սիրիայի վերաբերյալ բանաձևի տեքստն արդեն մեղմացվել էր՝ Ռուսաստանի համաձայնությանը հասնելու նպատակով: Դրանից հեռացվել էր Բաշար Ասադի հրաժարականին ուղղված կոչը:
Հաղորդվում է այն մասին, որ ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը հայտարարել է ԱԽ նիստում վետոյի իրավունքից օգտվելու մտադրության մասին, որը տեղի է ունեցել փակ դռների ետևում:





