Եգիպտոսի նախագահի պաշտոնի թեկնածուների առաջադրման գործընթացը կմեկնարկի մարտի 10-ին, հաղորդել է «Ալ-Մասրի ալ-Յաում» ինտերնետ-պորտալը` հղում կատարելով երկրի Գերագույն վերաքննիչ դատարանից աղբյուրին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ընտրությունները պետք է տեղի ունենան այս տարվա հունիսին:
Պորտալի տվյալների համաձայն, Նախագահական ընտրությունների հարցերի գերագույն հանձնաժողովը խորհրդակցություն է անցկացրել Զինված ուժերի գերագույն խորհրդի ղեկավար Մուհամմեդ Տանտավիի հետ, որի ժամանակ էլ որոշվել է այդ ամսաթիվը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Պորտալը հաղորդում է, որ Գերագույն վերաքննիչ դատարանի նախագահի տեղակալ Մուհամմեդ Մումթազն այդ առիթով երկուշաբթի օրը հանդես կգա հատուկ ուղերձով:
Նախագահի պաշտոնի թեկնածուների գրանցման մեկնարկի ամսաթվի մասին հարցն այժմ Եգիպտոսի համար ամենասուր հարցերից մեկն է: Բազմաթիվ քաղաքական խմբավորումներ պահանջում են արագացնել նախագահական ընտրությունները և, համապատասխանաբար, իշխանությունը զինվորականներից փոխանցել պետության քաղաքացիական ղեկավարին:





