«Մահմեդական եղբայրներ» շարժումը` Եգիպտոսի ամենաազդեցիկ քաղաքական ուժը, հրաժարվել է մասնակցել համազգային գործադուլին, որը կսկսվի փետրվարի 11-ին: Այդ մասին ասվում է շարժման հատուկ հայտարարության մեջ, որը տարածվել է Կահիրեում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«Հայտարարված համընդհանուր գործադուլն ու քաղաքացիական անհնազանդության քարոզարշավը ներկա փուլում հսկայական վտանգ են ներկայացնում երկրի և նրա ապագայի համար. արտադրության, երկաթուղիների, ֆինանսական օպերացիաների և տնտեսության այլ մասնաճյուղերի գործունեության դադարեցումը հսկայական վնաս կհասցնի Եգիպտոսոին, որն արդեն դժվարին տնտեսական դրության մեջ է, և կարող է բերել սնանկացման»,- ասվում է հայտարարության մեջ:
Գործադուլի և քաղաքացիական անհնազանդության քարոզարշավի գլխավոր պահանջը Եգիպտոսի Զինված ուժերի գերագույն խորհրդից իշխանության անհապաղ փոխանցումն է ընտրական քաղաքացիական մարմիններին և առավելագույնս սեղմ ժամկետներում նոր նախագահի ընտրությունների անցկացումը:
«Մահմեդական եղբայրները», հակառակը, բոլոր եգիպտացիներին կոչ են արել «կրկնակի աշխատել ի բարօրություն հայրենիքի, որպեսզի այն կառուցեն, այլ ոչ թե ավիրեն, և այդ նպատակով հրաժարվել ծրագրված գործադուլից»:





