Նիդեռլանդները մյուս եվրոպական երկրների օրինակով խորհրդատվությունների անցկացման համար հետ են կանչում իրենց դեսպանին Դամասկոսից, երեքշաբթի օրը հաղորդել է Ֆրանս Պրես գործակալությունը` հղում կատարելով երկրի արտաքին գործերի նախարարության հայտարարությանը, գրում է ՌԻԱ Նովոստին:
Ավելի վաղ իրենց դեսպաններին հետ կանչելու մասին հաղորդել էին Իսպանիան, Իտալիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան: Հայրենիք են վերադարձել նաև ԱՄՆ-ի և Գերմանիայի դեսպանները: ԱՄՆ-ն փակել է Սիրիայում իր դեսպանատունը:
Բացի այդ, երեքշաբթի օրը Պարսից ծոցի վեց երկրներ` Բահրեյնը, Քուվեյթը, Օմանը, Քաթարը, Սաուդյան Արաբիան և Արաբական միացյալ էմիրությունները (ԱՄԷ), որոնք մտնում են Ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի (ԾԱՊՀԽ) մեջ, հայտարարեցին, որ հետ են կանչում իրենց դեսպաններին Սիրիայից և պահանջում, որպեսզի սիրիական դեսպաններն անհապաղ լքեն իրենց երկրները: Անցյալ շաբաթ ԾԱՊՀԽ-ն որոշեց հետ կանչել իր ներկայացուցիչներին Սիրիայում դիտորդական խմբի կազմից:





