AM
9 Փետրվար 2012 - 07:35 AMT

Հարավային Սուդանի բնակիչներին սով է սպառնում

Հրատապ միջոցներ չձեռնարկելու դեպքում Հարավային Սուդանի միլիոնավոր բնակիչներ սովի կմատնվեն:

Նման եզրակացության են հանգել Միավորված ազգերի կազմակերպության Համաշխարհային պարենային ծրագրի (ՀՊԾ) և Պարենային ու գյուղատնտեսական կազմակերպության փորձագետները, որոնք աշնանը երկիր էին այցելել իրադրության գնահատման նպատակով:

Այցի արդյունքներով հաշվետվության մեջ ասվում է, որ քաղցից տառապում է ավելի քան 4,5 միլիոն մարդ, ինչը գրեթե մեկուկես միլիոնով ավելի է, քան անցյալ տարի:

Հակամարտությունները, անձրևների բացակայությունն ու բնակչության տեղափոխումը թույլ չտվեցին լավ բերք ստանալ: Ընդ որում, պարենամթերքի պահանջարկն աճել է, քանի որ անկախության հռչակումից հետո Հարավային Սուդան է վերադարձել փախստականների մեծ մասը: Իսկ պահանջարկի բարձրացումը հանգեցրել է գների բարձրացման:

Փորձագետները նախազգուշացնում են, որ Հարավային Սուդանը պարենային ճգնաժամի շեմին է. սովյալների թիվը մոտակա ամիսներին կարող է կրկնապատկվել:

Նրանք դոնորներին խնդրում են 183 միլիոն դոլար հատկացնել արտակարգ օգնություն ցուցաբերելու և գյուղատնտեսությանն աջակցելու համար: