AM
10 Փետրվար 2012 - 07:22 AMT

«Հրապարակ». Թիվ 18 ընտրատեղամասում կպայքարեն Ավշարի ու Երասխի գինու գործարանների ղեկավարները

Արարատի մարզի թիվ 18 ընտրատեղամասում Արայիկ Գրիգորյանի` Ավշարի գինու գործարանի խորհրդի նախագահի հետ, ամենայն հավանականությամբ, կպայքարի մեկ այլ արարատցի` անկուսակցական Ռազմիկ Թևանյանը: «Հրապարակ» օրաթերթը գրում է, որ վերջինս Երասխի գինու գործարանի տնօրենն է: Երեկ Թևանյանը թերթի թղթակցին հայտնել է, որ առաջիկա օրերին կհստակեցվի` կառաջադրի՞ իր թեկնածությունը, թե՞ ոչ:

«Ժողովրդի հետ մի քանի հանդիպումից հետո վերջնականապես որոշմանս մասին կհայտարարեմ»,- ասել է Թևանյանը:

Այս ընտրատեղամասի գործող պատգամավոր, «Վեդի Ալկո» ընկերության սեփականատեր, ՀՀԿ-ական Մանվել Ղազարյանն այս անգամ չի առաջադրելու իր թեկնածությունը: Լրագրողի դիտարկմանը, թե Թևանյանը պայքարի է դուրս գալու ոչ միայն ՀՀԿ-ի թեկնածուի, այլև մարզում ազդեցություն ունեցող գործարար Արայիկ Գրիգորյանի դեմ, վերջինս պատասխանել է. «Ես էլ ոչ պակաս ազդեցություն ունեմ: Իմ կողքին էլ բոլորը կռված տղերքն են կանգնած, ինչու չէ` նաև ժողովրդի մի ստվար զանգված»: