Բրիտանացի պատգամավոր Էյդան Բերլիին, որին հեռացրել են տրանսպորտի դեպարտամենտից նացիստական երեկույթին մասնակցելու պատճառով, մեղաադրել են Հոլոքոսթի զոհերի հանդեպ անհարգալից վերաբերմունքի համար: Նրան քննադատել են այն բանի համար, որ նա SMS-ներ է գրել ու քնել է Օսվենցիմի նախկին կալանավորի ելույթի ժամանակ:
Պատգամավորի մասին իր միկրոբլոգում գրել է դպրոցական Մեթյու Պերկինսը, որը պատգամավորի կողքին է եղել: Այդ թեմային անդրադարձել է լեյբորիստ պատգամավոր Յեն Օսթինը խորհրդարանում: Նա պահանջել է, որ այդ վարքագծին արձագանքի կառավարությունը:
Պատգամավորի շրջապատի մարդիկ պնդում են, թե նա ոչ մի րոպե չի քնել այցելության ժամանակ՝ խոստովանելով, որ նա գուցե կարող էր շտապ հաղորդագրությունների պատասխանել Լոնդոնից:
Սկանդալը Բերլիի շուրջ բորբոքվեց այն բանից հետո, երբ ԶԼՄ-ներում հայտնվեց նրա ֆրանսիական հանգստավայրում արված լուսանկարը մի երեկույթից, որտեղ նա կանգնած է նացիստական համազգեստով ոմն մեկի կողքին: Ֆրանսիայում այդ գործի առնչությամբ հետաքննություն է սկսվել, քանի որ նացիստական համազգեստ կրելն այնտեղ հանցագործություն է համարվում:





