AM
11 Փետրվար 2012 - 06:26 AMT

Ճապոնիան մտադիր է կրճատել նավթի ներկրումն Իրանից

Ճապոնիան մտադիր է կրճատել նավթի ներկումը Իրանից և Մերձավոր Արևելքում այդ ռազմավարական կարևոր հումքի այլ աղբյուրներ որոնել: Այդ մասին, ինչպես հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը, ուրբաթ օրը մամլո ասուլիսում հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Եսիխիկո Նոդան: «Վերջին 5 տարում Իրանից «սև ոսկու» գնումն արդեն նվազել է 40 տոկոսով: Մեր երկիրը ջանքեր է գործադրում, որպեսզի ապահովի էներգառեսուրսների այլ աղբյուրներ, այդ թվում՝ Մերձավոր Արևելքի երկրներում»,- ասել է վարչապետը:

Ճապոնիան Իրանից ստանում է իր կողմից օգտագործվող նավթի մինչև 10 տոկոսը: Տոկիոն Թեհրանի գլխավոր արտաքին առևտրային գործընկերներից է և, չնայած ԱՄՆ ճնշմանը, զգուշություն է հանդես բերում Իրանի դեմ տնտեսական պատժամիջոցների հարցում, թեև ճանաչում է դրանց սկզբունքային անհրաժեշտությունը: