AM
13 Փետրվար 2012 - 14:55 AMT

Հայաստանը մասնակցել է Բելոռուսի գրքի տոնավաճառին

Փետրվարի 8-12-ը Բելառուսի «БЕЛЭКСПО» ցուցահանդեսային ազգային կենտրոնում տեղի է ունեցել գրքի 19-րդ միջազգային ցուցահանդես-տոնավաճառը, որին ավանդաբար ներկայացվում են Հայաստանում հրատարակված գրքեր, ամսագրեր, ալբոմներ և այլ տպագիր նյութեր:

Հայկական տաղավարի շնորհանդեսը կայացավ փետրվարի 11-ին, որտեղ ներկայացված էր Հայաստանում տպագրված 600-ից ավելի ցուցանմուշ: Ողջույնի խոսքով հանդես են եկել Բելառուսում ՀՀ դեսպան Արմեն Խաչատրյանը, բելառուս բանաստեղծ Դրանկո-Մաիսյուկը: Ցուցահանդեսի մասնակիցներին և այցելուներին հանդիսությունների դահլիճում ներկայացվել է Հայ գրատպության 500-ամյակի և Երևանը համաշխարհային գրքի մայրաքաղաք ճանաչելու կապակցությամբ նկարահանված ֆիլմ: Բելառուսի հայազգի երեխաներին ներկայացվել է մանկական պատկերազարդ գրականություն:

Կայացել է հանդիպում Բելառուսում գտնվող «Անիվ» հայկական ամսագրի խմբագրատան աշխատակիցների հետ, կազմակերպվել են շնորհանդեսներ, կլոր սեղաններ, կայացել են երկխոսություններ, ձեռք են բերվել ստեղծագործական նոր կապեր և գործնական պայմանավորվածություններ:

Հայ համայնքին ներկայացվել է նաև «Լիտոպեդիա» հայերեն էլեկտրոնային բանասիրության հանրագիտարանը, որը պարունակում է գրականությանը և լեզվին վերաբերող բազմաբովանդակ տեղեկություններ:

Այցելուների ուշադրությունը հատկապես գրավել է ՀՀ վաստակավոր նկարիչ Արարատ Սարգսյանի կողմից ավանդական եղանակով թղթի պատրաստումը, ճնշման միջոցով հայկական խաչքարերի, այբուբենների և տեքստերի տպագրությունը, ինչպես նաև հինավուրց եղանակով կավե սալիկների վրա խորաքանդակների պատրաստումը:

Հայկական պատվիրակությունը գլխավորում է «Գրքի և հրատարակչական գործի կենտրոնի» տնօրեն Էդվարդ Միլիտոնյանը:, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: