AM
16 Փետրվար 2012 - 09:27 AMT

Ցուցարարներն ասում են՝ ոստիկանները եկել են մեզ ցրելու, իսկ վերջիններս հերքում են

Մաշտոցի այգում փորձում են վերսկսել կրպակների շինարարությունը: Այս պահին այնտեղ կանգնած է բետոնախառնիչ մեքենա, ինչպես նաև քարերի նոր խմբաքանակ են լցրել կրպակներից մեկի մոտ: Մոտ 30 ցուցարարներ հավաքվել են այդ քարերի մոտ և ամեն կերպ փորձում են թույլ չտալ շինարարությունը վերսկսել: Իրավիճակը հսկում են ոստիկանության 3-4 աշխատակիցներ, որոնք նաև նկարահանումներ են կատարում:

Ցուցարարների շրջանում լուրեր են պտտվում, թե ոստիկանները ներքին հրաման ունեն 30 րոպեների ընթացքում ցրել ցուցարարներին, որպեսզի շինարարությունը վերսկսվի: PanARMENIAN.Net-ի թղթակցիը փորձել է լուրը ճշտել ոստիկաններից մեկից, որը հերքել է այն. «Չէ, ի՞նչ եք ասում, նման բան չկա»:

«Իշխանությունները օրենքը խախտում են և հաշվի չեն նստում հասարակության կարծիքի հետ: Այստեղից է սկսվում այգիներն ազատագրելու մեր պայքարը»- PanARMENIAN.Net- ի թղթակցին ասել է ցուցարարներին միացած ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը: