AM
16 Փետրվար 2012 - 14:06 AMT

Նախարար. Զբոսաշրջությունն առայժմ չի կարող համալրել բյուջեն այնպես, ինչպես լեռնահանքային արդյունաբերությունը

Հայաստանում չկա զբոսաշրջային վայր, որտեղ ակտիվ շահագործվում է հանքավայր, հայտարարել է Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը: «Հիմա տեխնոլոգիաները լավ զարգացած են, ավելին, նշանակություն ունի, թե ինչ է արդյունահանվելու և ինչ պահանջներ են ներկայացվելու արդյունահանող ընկերությանը»,- փետրվարի 16-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում ասել է նա:

Նա նշել է, որ լեռնահանքային արդյունաբերությունը Հայաստանի տնտեսության հիմնական ճյուղերից մեկն է, ուստի «անհնար է վերցնել ու հրաժարվել դրանից», քանի որ զբոսաշրջությունն առայժմ այնքան չի համալրում պետբյուջեն, որքան դա անում է լեռնահանքային արդյունաբերությունը: «Հնարավոր է, վաղը զբոսաշրջությունն այնքան զարգանա, որ այդ ոլորտի եկամուտները ծածկեն լեռնահանքային արդյունաբերությունից ստացվող եկամուտները, այդ դեպքում հնարավոր կլինի խոսել դրա մասին: Բայց այսօր այդ իրավիճակը չէ, մենք կանք և մնում ենք լեռնահանքային երկիր, պետք է ուղղակի ճիշտ կազմակերպել այդ գործընթացը»,- հայտարարել է նա:

Խոսքը գնում է զբոսաշրջային կենտրոնների տարածքում՝ Տաթևում, Քաջարանում, Ջերմուկում, հանքավայրեր շահագործելու մասին: