AM
17 Փետրվար 2012 - 08:29 AMT

Զարուհի Փոստանջյան. Ի՞նչ եք ասելու Ձեր երեխաներին, երբ հարցնեն՝ ինչու են ծառերը բանտարկված

Երևանի Մաշտոցի պողոտայի այգում շարունակվում են բանակցությունները բնապահպան-ակտիվիստների և քաղաքապետարանի ներկայացուցիչների միջև: Ցուցարարներին ընդառաջ դուրս է եկել Քաղաքապետարանի Իրավաբանական վարչության պետ Զավեն Առաքելյանը, որը նրանց հորդորել է ցրվել և խոստանում շատ կարճ ժամանակամիջոցում տրամադրել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը:

«Դուք մեզ ներկայացրեք փաստաթղթերը ու եթե դրանք մեզ չբավարարեն, մենք հայց կկազմենք, կգնանք դատարան, իսկ մինչ այդ խնդրում ենք, Ձեր լիազորություններն օգտագործելով, դադարեցնել շինարարությունը»,- քաղաքապետարանի ներկայացուցչին պատասխանել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

Մաշտոցի պողոտայի ցուցարարները քաղաքապետարանի ներկայացուցչից պահանջեցին ներկայացնել բնապահպանական, շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննությունների եզրակացությունները, իսկ վերջինս էլ նշեց, թե այս տարածքը շատ փոքր է այդպիսի փորձաքննություններ իրականացնելու համար, և ամեն ինչ արվում է ըստ կառավարության «Ժամանակավոր շինությունների տեղադրման կարգի» համաձայն:

«Ի՞նչ եք ասելու Ձեր երեխաներին, երբ հարցնեն՝ ինչու են ծառերը բանտարկված»,- հարցնում է Զարուհի Փոստանջյանը քաղաքապետարանի վարչության պետ Զավեն Առաքելյանին, վերջինս էլ պատասխանում է, թե. «Զբոսայգիներում կարող են իրականացվել կառուցապատման աշխատանքներ, ժամանակավոր շինությունների տեղադրման համար բոլոր քաղաքաշինական նորմերը պահպանված են, փաստաթղթերը կան»: Բանակցությունները շարունակվում են: