AM
21 Փետրվար 2012 - 09:56 AMT

Արթուր Ութմազյանը, Սարգիս Նաջարյանը և Սուսաննա Շահինյանն արժանացել են վարչապետի հուշամեդալին

Այսօր` փետրվարի 21-ին Մայրենի լեզվի օրվա առիթով և Հայաստանում ու Սփյուռքում հայոց լեզվի անաղարտության պահպանության գործում մեծ վաստակի և նշանակալի ավանդի համար Հայաստանի վարչապետի հուշամեդալով պարգևատրվել են ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Ութմազյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Սարգիս Նաջարյանը և Հայաստանի հանրային հեռուստաընկերության հաղորդավար Սուսաննա Շահինյանը:

1999 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն փետրվարի 21-ը հայտարարել է Մայրենի լեզվի միջազգային օր: 2005թ. Հայաստանի Ազգային ժողովի կրթության, գիտության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ (հանձնաժողովի նախագահ` Հրանուշ Հակոբյան) փոփոխություն մտցվեց «Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում և ՀՀ պետական տոնացույցում փետրվարի 21-ը հաստատվեց որպես Մայրենի լեզվի օր:

Օրը կոչված է նպաստելու մեսրոպատառ մայրենիի հետ կապված խնդիրների վերհանմանը, դրանց լուծմանն ուղղված հնարավոր ճանապարհների ուղենշմանը, ինչպես նաև Հայրենիքում և Սփյուռքի համայնքներում Մաշտոցին և հայ գրականության ու մշակույթի երախտավորներին նվիրված ամենաբազմազան միջոցառումների կազմակերպման շնորհիվ երիտասարդ սերնդի մեջ հայրենասիրություն ներշնչմանը: