Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությունը արդեն երկրորդ անգամ հայտարարում է ևս մեկ ահաբեկչական խմբի բացահայտման մասին, որը գործում էր իրանական հատուկ ծառայության հրահանգներով: Ինչպես հայտնում է «Ինտերֆաքսը», այդ մասին փետրվարի 21-ի ուշ երեկոյան հայտարարել է AzTV հեռուստաալիքը:
Խմբավորումը ստեղծվել է իրանական «Սեպհա» հատուկ ծառայության աշխատակից Համիդի և Հաջի Աբբասի կողմից, հայտնում է հեռուստաալիքը` հղելով ԱԱՆ-ին:
Խմբի անդամները, ինչպես հայտարարվել է հեռուստաալիքով, գործելով «Սեպհայի» հանձնարարությամբ, հավաքել են հետախուզական բնույթի տեղեկություններ, ձեռք են բերել զենք, զինամթերք, պայթուցիկ նյութեր, ինչպես նաև իրականացրել են այլ նախապատրաստական աշխատանքներ:
Հատուկ օպերացիայի մանրամասներն, այդ թվում` խմբավորման ձերբակալված անդամների թիվը, ԱԱՆ բացահայտել չի ցանկացել:
2012թ սկզբից, Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությունը արդեն երկրորդ անգամ հայտարարում է ահաբեկչական խմբի բացահայտման մասին: Հունվարի վերջին ԱԱՆ հայտարարել է Ադրբեջանի քաղաքացիներ Ռասիմ Ալիևի և Ալի Հուսեյնովի ձերբակալության մասին, որոնք ահաբեկչություն էին նախապատրաստում Իրանում բնակվող ադրբեջանցի Բալագարդշա Դադաշովի հրահանգով: Վերջինս կապ ունի հատուկ ծառայության հետ:





