AM
22 Փետրվար 2012 - 13:07 AMT

ՌԴ ԱԳՆ. Իրանում ռազմական սցենարի իրագործումը աղետ կդառնա միջազգային հարաբերությունների համակարգի համար

Իրանում ռազմական սցենարի իրագործումը աղետ կդառնա միջազգային հարաբերությունների ողջ համակարգի համար: Այդ մասին այսօր մամլո ասուլիսում հայտնել է ՌԴ ԱԳՆ փոխնախարար Գեննադի Գատիլովը, գրում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

«Ռազմական հարվածն աղետ կդառնա ոչ միայն տարածաշրջանի, այլև միջազգային հարաբերությունների ողջ համակարգի համար,- ընդգծել է դիվանագետը:- Հուսով եմ, որ Իսրայելում դա հասկանում են»:

ԱՄՆ-ն ու Արևմուտքի մի շարք երկրներ Իրանին կասկածում են միջուկային զենքի մշակման մեջ` կոծկված խաղաղ ատոմի ծրագրի տակ: Թեհրանը հերքում է բոլոր մեղադրանքները` պնդելով, որ իր միջուկային ծրագիրն ուղղված է բացառապես երկրի էլեկտրաէներգիայի պահանջարկի բավարարմանը: Իրանի հանդեպ գործում են ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի 4 պատժամիջոցային բանաձևեր` 1737, 1747, 1803 և 1929: