Ատոմային էներգիայի միջազգային գործակալության փորձագետների Իրան կատարած այցի արդյունքների մասին հաշվետվությունը ՄԱԳԱՏԷ-ի Ղեկավարների խորհուրդ կուղարկվի ուրբաթ օրը, հաղորդում է Ֆրանս Պրես գործակալությունը` հղում կատարելով կազմակերպությունից աղբյուրին:
ՄԱԳԱՏԷ-ի փորձագետների խումբը երկուշաբթի օրը Իրան է ժամանել երկրի միջուկային ծրագրի մասին բանակցություններին մասնակցելու համար, սակայն նրան մերժել են Փարչին քաղաքում գտնվող ռազմական համալիր այցելելու հարցում: Այս ուղևորությունը վերջին ամսվա ընթացքում փորձագետների երկրորդ այցն է Թեհրան: ՄԱԳԱՏԷ-ի նախորդ պատվիրակությունը Իրան էր այցելել հունվարի 29-31, գրում է ՌԻԱ Նովոստին:
ԱՄՆ-ն ու Արևմուտքի մի շարք երկրներ Իրանին կասկածում են միջուկային զենքի մշակման մեջ` կոծկված խաղաղ ատոմի ծրագրի տակ: Թեհրանը հերքում է բոլոր մեղադրանքները` պնդելով, որ իր միջուկային ծրագիրն ուղղված է բացառապես երկրի էլեկտրաէներգիայի պահանջարկի բավարարմանը:





