Մաշտոցի պուրակի համար պայքարողներն անդրադարձել են կառուցապատման առնչությամբ փետրվարի 20-ի իրենց նամակին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի կողմից տրված պատասխանին, ինչպես նաև` վերջին օրերին Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչների կողմից արված հայտարարություններին:
«Այս իրարամերժ հայտարարություններն անվստահության և թերահավատության մթնոլորտ են ստեղծում: Ուստի, հիմք ընդունելով տեղական կառավարման հաշվետու, մասնակցային և թափանցիկ կառավարման սկզբունքները, որը, ի դեպ, որոշ չափով արտահայտվել է քաղաքապետի հայտարարության մեջ, և «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը, դրանով սահմանված ժամկետներում մեր վերոնշյալ հարցադրումներին մասնագիտորեն հիմնավորված պատասխաններից բացի, խնդրում ենք ներկայացնել հետևյալ փաստաթղթերը և տեղեկատվությունը.
1.Երևանի քաղաքապետի, ավագանու կամ այլ պաշտոնատար անձանց որոշում(ներ)ի պատճենները, որոնց հիման վրա Աբովյանի հանրային տարածքը մասնավորեցվել էր կամ վարձակալության/օգտագործման տրվել առևտրային նապատակով.
2.Ովքե՞ր են Աբովյան փողոցից ապամոնտաժված կառույցների սեփականատերերը և նրանք ի՞նչ իրավունք են ունեցել այն հողատարածքների նկատմամբ, որոնց վրա կառուցված են եղել իրենց խանութները: Խնդրում ենք տրամադրել համապատասխան հողահատկացումների վերաբերյալ Երևանի ժամանակին պաշտոնավարող քաղաքապետերի որոշումների պատճենները.
3.Ներկայացնել վարձակալության և բոլոր այլ տեսակի պայմանագրերի պատճեններ, որոնց հիման վրա նշյալ խանութները կառուցվել և շահագործվել են Աբովյան փողոցում.
4. Երևանի քաղաքապետի որոշում(ներ)ի պատճենները, որոնց հիման վրա Աբովյան փողոցից ապամոնտաժվել են նշյալ կառույցները և տեղափոխվել խնդրո առարկա տարածք (ի դեպ, այս փաստաթուղթը պահանջել էինք նաև մեր առաջին գրությամբ, որը, սակայն, չէր ներկայացվել).
5. Ովքե՞ր են ներկայումս խնդրո առարկա տարածքում կառուցվող շինությունների սեփականատերերը: Եթե դրանք կառուցվում են Երևանի քաղաքապետարանի կողմից, ապա խնդրում ենք պարզաբանել, թե ինչու տարածքում ուշացումով տեղադրված շինարարության վերաբերյալ իրազեկման վահանակի վրա, ՀՀ քաղաքաշինության նախարարի 14.01.2008թ. թիվ 11-Ն հրամանի համապատասխան` չի ներկայացվել տեղեկատվություն «համայնքային բյուջեի միջոցների հաշվին իրականացվող շինարարական աշխատանքների շինարարության նախահաշվային արժեքի մասին».
6. Տարածքը «Կենտրոն-Կանաչապատում» ՓԲԸ-ին կառուցապատման իրավունքով տրամադրելու մասին Երևանի քաղաքապետի որոշման, կառուցապատման իրավունքի գրանցման վկայականի, տվյալ ՓԲԸ կանոնադրության և Երևանի քաղաքապետարանի ու ՓԲԸ միջև կնքված պայմանագրի պատճենները.
7. Եթե խանութները կառուցվում են իբրև փոխհատուցում, ապա խնդրում ենք տրամադրել բանակցությունների արդյունքում կնքված համաձայնագրերի և պայմանագրերի պատճենները, ինչպես նաև ներկայացնել, թե այս խանութների տեղափոխման արդյունքում ինչ ֆինանսական օգուտ կամ վնաս է ստացել Երևան համայնքը.
8. Ներկայացնել նաև հ աշվարկներ, որոնք ցույց կտան, թե ապամոնտաժումից առաջ ինչ ֆինանսական օգուտ կամ վնաս է ստացել մեր համայնքը Աբովյան փողոցի խանութներից»,- նշված է բաց նամակում:





