ՄԱԿ ԱԽ-ն սատարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Պան Գի Մունի Գվինեայի ծոցում ծովահենությանը դիմակայելու վերաբերյալ տարածաշրջանային գագաթաժողովի գաղափարին, որի մասին երկուշաբթի հայտարարեցին ԱԽ 15 պետությունների ներկայացուցիչները խորհրդի նիստում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Հունվարի 19-ի նամակում Պան Գի Մունը կոչ է արել աջակցել տարածաշրջանային համագործակցությանը արևմտյան ու կենտրոնական Աֆրիկայի երկրների ղեկավարների գագաթաժողով հրավիրելու հարցում: Նախատեսվում է, որ կմասնակցեն նաև Գվինեայի ծոցի գծով հանձնաժողովի մասնակից երկրները՝ Անգոլան, Գաբոնը, Կոնգոյի Հանրապետությունը, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը, Կամերունը, Սան Տոմեն և Պրինսիպին, Նիգերիան, Հասարակածային Գվինեան:
Նման հանդիպման գաղափարին միացավ նաև Ռուսաստանը:
2011թ. առաջին 10 ամիսներին Գվինեայի ծոցում կատարվել է 58 հարձակում:





