AM
28 Փետրվար 2012 - 11:02 AMT

Ցույց՝ ի պաշտպանություն 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու

ՀՅԴ, ՀԱԿ ու «Ժառանգություն» կուսակցությունների ներկայացուցիչները, երիտասարական թևերի ակտիվիստներն այս պահին Ազգային ժողովի դիմաց ցույց են անցկացնում՝ ի պաշտպանություն 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցնելու օրինագծի: 250-300 ցուցարարները իրենց հետ բերել են «Մեծամասնական նշանակում է մականունավոր ԱԺ», «100-տոկոսանոց ԱԺ համամասնական» և «41+ ՀՀԿ = աղքատություն և արտագաղթ» կարգախոսերով պաստառներ:

«Եթե 100 տոկոսով համամասնականի անցնելու օրինագիծը չանցնի, մնալու է անվստահությունը ընտրությունների հանդեպ: Իշխանությունները հրաժարվում են, որովհետև գիտեն՝ այդպես արդար է լինելու: Մնացած բոլոր ուժերը մեր կողքին են»,- հայտարարեց ՀՅԴ անդամ Արմեն Ռուստամյանը և գնաց ԱԺ նիստին մասնակցելու:

«Ժառանգություն» կուսակցության ղեկավար Ռաֆֆի Հովհաննիսյանն էլ նշեց, որ անգամ նրանք, ովքեր այս պահին իրենց չեն միացել, միևնույն է, նրանք էլ են ազատ-անկախ ընտրությունների կողմնակից:

Արմեն Ռուստամյանը խոստացել է 1 ժամից դուրս գալ և ցուցարարներին հայտնել քվեարկության արդյունքները: Վերջիններս մինչ այդ շարունակում են սուլել, հայրենասիրական երգեր երգել ու թմբուկ զարկել: