Մարտի 1-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի Տրդատ 2-րդ սրահում կայանալու է «Սովի և կրակի միջև. իշխանություն` կյանքերի գնով» խորագրով վավերագրական ֆիլմի շնորհանդեսը: Ֆիլմում ներկայացված են ղարաբաղյան հակամարտության ընթացքում Ստեփանակերտի շրջափակման ճեղքման և Աղդամի ուղղությամբ ռազմական օպերացիայի (այսպես կոչված` «Խոջալուի դեպքերի») հետ կապված մանրամասներ:
Ֆիլմի ստեղծման աշխատանքներն իրականացրել են ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնը»:
Վավերագրական ֆիլմի հանրային ցուցադրումը կկայանա մարտի 3-ին, ժամը 18:00-ին` «Մոսկվա» կինոթատրոնում: «Սովի և կրակի միջև. իշխանություն` կյանքերի գնով» վավերագրական ֆիլմում ներկայացված են իրողություններ` 1991 թվականի նոյեմբերից մինչև 1992 թվականի փետրվարն ընկած ժամանակահատվածում Ստեփանակերտի շրջափակման ճեղքման և Բաքվի քաղաքական էլիտայի հանցավոր գործունեության հետևանքով տեղի ունեցած դեպքերի մասին, որոնք Խոջալուի խաղաղ բնակչության մահվան պատճառ են դարձել:
Երկու մասից բաղկացած վավերագրական ֆիլմում ներկայացված են Ադրբեջանի քաղաքական շրջանակների կողմից կատարված հանցագործությունները հաստատող անհերքելի փաստեր. հանցագործություններ, որոնց զոհ են գնացել կանայք, երեխաներ և ծերեր:
Փաստավավերագրական մեծաքանակ նյութերի շնորհիվ` ֆիլմը մեծ հետաքրքրություն է ներկայացնում ոչ միայն լայն հասարակության, այլ նաև հետազոտական շրջանակների համար: Իսկ այն նյութերը, որոնք հավաքվել են Ադրբեջանի կողմից վերահսկվող Աղդամում զոհված խաղաղ բնակչության և հայաբնակ Ստեփանակերտի բնակչության ողբերգական մահվան հանգամանքների ուսումնասիրության արդյունքում` հիմք են դարձել այս մեծածավալ նախագծի ստեղծման համար, որը նպատակ ունի լույս սփռել ադրբեջանցիների կողմից ավանդաբար կիրառվող մանիպուլյացիաների և շահարկումների վրա, որոնք կապված են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խաղաղ բնակչությանը իրենց պատմական հայրենիքից տեղահանելու Բաքվի կողմից կիրառվող փորձերի հետ:





