Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հերքում է լուրերը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ հակամարտության և Մաշտոցի պուրակում կրպակների տեղադրման խնդրի օգնությամբ քաղաքապետին վարկաբեկելու փորձերի մասին: «Տարոն Մարգարյանի և իմ դիրքորոշումներն այդ հարցում միասնական են. մենք դեմ ենք, որպեսզի մեր պուրակներում խանութներ կառուցվեն, այն էլ` մշտական հիմքերով: Ուստի մեր դիրքորոշումը հստակ է` դա ժամանակավոր է, և կրպակներն ապամոնտաժվելու են»,- հայտնել է վարչապետը լրագրողներին խորհրդարանում:
Նրա խոսքով` ինքը քննարկել է այդ խնդիրն ինչպես քաղաքապետի, այնպես էլ Հանրային խորհրդի հետ և կարող է վստահեցնել քաղաքացիներին, որ պուրակում կրպակներ չեն լինելու:
Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ քաղաքապետարանի «Հին Երևան» նախագծով, որն այժմ մշակման ավարտական փուլում է, պուրակում խանութներ նախատեսված չեն, և դրանց տեղադրումն այժմ ժամանակավոր բնույթ է կրում:
Ընդ որում, հարկ է նշել, որ վարչապետը չի մեկնաբանել Ինտերնետում հայտնված տեղեկատվությունն այն մասին, որ Մաշտոցի պուրակում խանութների տերերն արդեն 5-ից 20 տարով վարձակալության պայմանագրեր են կնքել:





