ԱՄՆ-ն մինչ օրս հստակ հասկացողություն չունի, թե ինչ է իրենից ներկայացնում սիրիական ընդդիմությունը: Չորեքշաբթի օրը դա խոստովանել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Ելույթ ունենալով ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հատկացումների կոմիտեի ենթակոմիտեներից մեկում լսումների ժամանակ` նա զուգահեռներ է անցկացրել Լիբիայում վերջերս տեղ գտած իրադրության և Սիրիայում առկա դրության միջև և համեմատել այդ երկու երկրների ընդդիմադիր ուժերը: Ընդ որում, Քլինթոնը նշել է, որ Վաշինգտոնին «ներկա փուլում պարզ չէ», թե ինչ է իրականում իրենից ներկայացնում Սիրիայի ընդդիմությունը:
«Լիբիայում ընդդիմությունը որոշակի տարածք էր հսկողության տակ պահում, այդ թվում` Բենղազին: Այն ուներ իր դեմքը` մարդիկ, ովքեր դիվանագիտական փոխգործակցության էին գնում արտաքին աշխարհի հետ և մարտիկները: Մենք իսկապես կարող էինք հանդիպել նրանց հետ, դիտարկել նրանց, տալ սուր հարցեր: Իսկ երբ Այման ազ-Զավահիրին «Ալ-Քայիդայից» հանդես է գալիս սիրիական ընդդիմությանն օժանդակելու կողմից, հարկ է հարց առաջադրել, թե ում ենք մենք զինում, եթե ընդունում ենք զենք մատակարարելու մասին որոշում, և ինչպես ենք մատակարարելու այդ զենքը»,- ասել է Քլինթոնը:





