Հայաստանում առաջին անգամ մարտի 31-ից ապրիլի 12-ը ներկայացվելու են հեղինակային NLP- Coaching և ENNEGRAMA դասընթացների ծրագրերը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց«Սփրին Գրուպ» PR ընկերության համահիմնադիր Տաթևիկ Սիմոնյանը:
«NLP- Coaching -ը հոգեբանական տեխնոլոգիա է, որը լայնորեն կիրառվում է ողջ աշխարհում և արդեն մուտք է գործել կյանքի ամենատարբեր ոլորտներ: Մեր նպատակն է , հրավիրելով աշխարհի լավագույն մասնագետներից մեկին, ներմուծել այդ տեխնոլոգիան Հայաստան»,- ասաց բանախոսը:
Ծրագիրը բաղկացած է լինելու 2 փուլից` NLP- Coaching, որը կտևի 8 օր: Այն վարելու է NLP աշխարհահռչակ մասնագետ Ջեք Մականին: 2-րդ փուլը ENNEGRAMA-ն է, որը կվարի NLP- Coaching և ENNEGRAMA-ի միջազգային որակավորում ունեցող դասախոս Աննա Կարպեկոն:
«NLP – Coaching-ը այլընտրանքային հոգեբանական տեխնոլոգիա է, որն օգնում է մարդկանց, օգտագործելով իրենց ներքին ռեսուրսները, հասնել իրենց նպատակներին, բարելավել իրենց կյանքի որակը : Այն զարգացնում է առողջ մտածողություն: Այս տեխնոլոգիան մարդիկ կարող են օգտագործել կյանքի տարբեր բնագավառներում», – նշեց «Էություն» հոգեբանական տեխնոլոգիաների կենտրոնի հիմնադիր- նախագահ Լիլիթ Ադիբեկյանը:
Ծրագիրը լինելու է վճարովի` 700 ԱՄՆ դոլար NLP- Coaching-ը և 205 ԱՄՆ դոլար ENNEGRAMA-ն: Մասնակցել կարող են բոլորը: Դասընթացները բաց են լինելու նաև լրագրողների համար:





