Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 3-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանին:
«Մեծարգո Սերժ Ազատի, Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ «Հայաստան» համահայկական հիմնադրամի 20-ամյակի կապակցությամբ: Սա համահայկական այն եզակի կառույցներից է, որի ավանդը հայկական երկու անկախ պետությունների կայացման ու զարգացման գործում իրոք անգնահատելի է: Համախմբելով աշխարհասփյուռ հայությանը համազգային գաղափարների շուրջ` նա մեծապես նպաստում է մեր ժողովրդի նվիրական իղձերի ու նպատակների իրականացմանը, Հայաստանի ու Արցախի զորացմանն ու բարգավաճմանը, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության շարունակական ամրապնդմանը»,- գրված է ուղերձում:





