AM
5 Մարտ 2012 - 06:57 AMT

Ռուսաստանի ընդդիմությունը պատրաստվում է զանգվածային բողոքների

ՌԴ նախագահի մի քանի թեկնածուներ կասկածում են ձայների ճիշտ հաշվարկի հարցում ու մտադիր են դիմել դատարան:

Կոմունիստների առաջնորդ Գենադի Զյուգանովը, որն, ըստ վերջին տվյալների, երկրորդն է հավաքած ձայների քանակով, հայտարարել է, որ չի ճանաչում քվեարկության արդյունքներն ու ընտրությունները համարել է «ոչ լեգիտիմ»:

«Ես որպես թեկնածու չեմ կարող ընտրությունները ճանաչել ոչ ազնիվ, ոչ արդար, ոչ էլ արժանի»,-ասել է նա:

Անկախ թեկնածու Միխայիլ Պրոխորովը երրորդն է հավաքած ձայների քանակով: «Մենք արձանագրել ենք շուրջ 4 հազար խախտում, հատկապես ծանր վիճակ է Սանկտ Պետերբուրգում ու Մոսկվայի շրջանում: Մենք բացահայտել ենք այդ խախտումները, մենք հավաքելու ենք այն տեղեկատվական բազան, որը թույլ կտա մեզ փաստաթղթերը հավաքել դատարան դիմելու համար»:

Զանգվածային բողոքի ակցիաների են պատրաստվում նաև ընդդիմադիր շարժումները:

ՌԴ ԿԸՀ նախագահ Վլադիմիր Չուրովը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինն ընտրվել է ՌԴ նախագահ առաջին փուլում, գրում է ՌԻԱ Նովոստին:

Պուտինը հավաքել է ձայների 63,75 տոկոսը, Գենադի Զյուգանովը՝ 17,19 տոկոս, Միխայիլ Պրոխորովը՝ 7,82 տոկոս, Վլադիմիր Ժիրինովսկին՝ 6,23 տոկոս, Սերգեյ Միրոնովը՝ 3,85 տոկոս, հայտնում է Euronews-ը: