Ուժեղ և երկարատև ձյան, ինչպես նաև գծերի վրա 3 մետր բարձրության հասնող ձնակույտերի առաջացման պատճառով մարտի 5-ի գիշերը ժամանակավորապես դադարեցված էր երկաթուղային հաղորդակցությունը Ջաջուռ-Մայիսյան հատվածում: Արդյունքում, մարտի 4-ին ժամը 22:35 «Երևան» կայարանից մեկնած և մարտի 5-ի ժամը 02:00-ին «Գյումրի» կայարան ժամանած Երևան-Թբիլիսի գնացքի 45 ուղևորները ստիպված են եղել գիշերել վագոններում: «ՀԿԵ»-ից հայտնում են, որ ուղևորներն ապահովված են եղել բոլոր անհրաժեշտ պարագաներով, իսկ վագոնները լրացուցիչ ջեռուցվել են:
Մարտի 5-ին ժամը 8:30-ին Երևան-Թբիլիսի գնացքը վերադարձվել է «Երևան» կայարան: «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության Ուղևորափոխադրումների տնօրինությունից հայտնում են, որ գնացքի ուղևորները կարող են վերադարձնել իրենց տոմսերը՝ ստանալով վճարված գումարը: Ցանկության դեպքում ուղևորները կարող են օգտվել գնված տոմսերից Երևան-Թբիլիսի գնացքի երթևեկության վերականգնումից հետո:
«ՀԿԵ» ՓԲԸ-ն ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները երկաթուղային գծերի մաքրման և գնացքների բնականոն չվացուցակի վերականգնման համար: Ամբողջ գիշեր շարունակվող մաքրման աշխատանքներին մասնակցել են հատուկ տեխնիկան, վերականգնողական գնացքը և «Գյումրի» ԳԿՄ աշխատողները: Նույնպիսի ծանր իրավիճակ է տիրում նաև մոտակայքում անցնող ավտոճանապարհում: Ներկա պահին ձնամաքրման աշխատանքները շարունակվում են, և Ջաջուռ-Մայիսյան հատվածը նախատեսվում է բացել արդեն մարտի 5-ի երեկոյան:





