ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման G8-ում և ՆԱՏՕ-ում իր գործընկերներին գագաթաժողովների է հրավիրել Քեմփ Դևիդում և Չիկագոյում: «Մայիսին Միացյալ Նահանգները ուրախ կլինեն անցկացնել «ութնյակի» և ՆԱՏՕ-ի գագաթաժողովները:
«Ութնյակում» մեր մերձակա գործընկերների հետ անկաշկանդ զրույց ապահովելու համար նախագահը G8 երկրների ղեկավարներին մայիսի 18-19-ին Քեմփ Դևիդ է հրավիրում «ութնյակի» գագաթաժողովին, որի ժամանակ կքննարկվի տնտեսական, քաղաքական, ինչպես նաև անվտանգության հարցերի լայն շրջանակ»,- ասվում է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեյ Քարնիի հայտարարության մեջ:
Ինչպես նշում է ՌԻԱ Նովոստին, սկզբում G8 գագաթաժողովը նույնպես պետք է տեղի ունենար Չիկագոյում: Այդ մասին ԱՄՆ վարչակազմը հայտարարել էր դեռևս անցյալ տարվա ամռանը: Սպիտակ տունը չի նշել անցկացման վայրի փոփոխության պատճառը: Լրատվամիջոցները հաղորդում են, որ այդքան բարձր մակարդակի գագաթաժողովի անցկացման վայրի տեղափոխման մասին նման ուշ հայտարարությունը բավական անսովոր է:
G8 գագաթաժողովից անմիջապես հետո տեղի կունենա ՆԱՏՕ-ի գագաթաժողովը Չիկագոյում:





