Քաղաքացիական ավիացիայի վարչությունը «Արմավիա» ավիաընկերության ու «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի բանակցությունների ժամանակ հանդես կգա որպես միջնորդ: PanARMENIAN.Net ի հետ զրույցում այս մասին ասաց Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Նելլի Չերչինյանը:
Բանակցությունների օրն ու ժամը հայտնի կդառնան արդեն այսօր երեկոյան:
«Արմավիա» ավիաընկերությունը անժամկետ գործադուլ է հայտարարել: Գործադուլը պայմանավորված է Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի նոր գնային քաղաքականությամբ , ըստ որի սպասարկման գները բարձրացել են: Բոլոր չվերթները դադարեցված են, մինչև գների վերանայումը:
«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն արձագանքել է գործադուլին՝ բացասական գնահատելով «Արմավիա» ավիաընկերության կողմից «անհարիր շահարկումները և անհիմն ու կեղծ մեկնաբանությունները». «Այսօր առավոտյան «Արմավիա» ավիաընկերությունը ժամը 06.45-ից դադարեցրել է Երևան-Մոսկվա և Երևան-Ռոստով չվերթների սպասարկումը` ուղևորներին հայտարարելով, որ չվերթների սպասարկումը դադարեցվել է օդանավակայանի կողմից սահմանված բարձր սակագների պատճառով: Վերոնշյալի առնչությամբ տեղեկացնում ենք, որ Արմավիա ընկերությունը, լինելով ազգային փոխադրող, ի տարբերություն մյուս ավիաընկերությունների օգտվում է մեր ընկերութան կողմից տրամադրված հատուկ սակագներից: Ավելին, ըստ Ռոսնավիգացիա կազմակերպության կողմից ստացված հեռագրի, կուտակված պարտքերի պատճառով «Արմավիա» ավիաընկերությանն արգելվում է թռիչքներ իրականացնել դեպի Ռուսաստան և մուտք գործել Ռուսաստանի օդային տարածք:
Ըստ երևույթին, ավիաընկերության համար թանկ են ոչ միայն Հայաստանում այլև Ռուսաստանում գործող սակագները»:





