AM
9 Մարտ 2012 - 11:52 AMT

Լիբիայի կործանումը սկսվեց, ինչպես և կարելի էր սպասել, նավթային շրջանների համար պայքարից

Անցումային կառավարության ղեկավարն այդ միակողմանի կարգով ընդունված որոշումն անվանեց արաբական պետությունների «վտանգավոր» դավադրություն, որոնք փորձում են պառակտել երկիրը Մուամար Քադաֆիի տապալումից վեց ամիս անց: Բենգազիում՝ երկրի արևելյան մասի գլխավոր քաղաքում, կայացած համաժողովում հայտարարվել է, որ «Բարքա» անունով նոր պետությունն ունենալու է սեփական խորհրդարանը, իրավապահ մարմինները, դատարանները և մայրաքաղաքը՝ Բենգազին: Երկրի արտաքին քաղաքականությունը, պաշտպանությունը և նավթային պաշարների կառավարումը մնալու է Տրիպոլիում գտնվող կենտրոնական կառավարության արտոնությունը: Բարքան զբաղեցնելու է երկրի տարածքի գրեթե կեսը՝ արևելքում Եգիպտոսի հետ սահմանից մինչև հարավում Սուդանի և Չադի հետ սահմանները: Հատուկ գումարված «Կիրենաիկիի ժողովրդի կոնգրեսի» 2 հազար պատվիրակները ձևավորել են Գերագույն անցումային խորհուրդ շեյխ Ահմեդ ազ Զուբեյրա աս Սենուսիի ղեկավարությամբ, ով հայտնի դիսիդենտ է նախկին իշխանությունների օրոք, ինչպես նաև երկիրը ղեկավարող Ազգային անցումային խորհրդի անդամ է: Ազգային անցումային խորհրդի, այսինքն ժամանակավոր կառավարության ղեկավար Մուսթաֆա Աբդուլ Ջալիլը հայտարարել է, որ արևելյան ցեղերի կողմից նման քայլերը կարող են հանգեցնել Լիբիայի պառակտմանը: Միաժամանակ, նա նշել է, որ դրան պետք էր սպասել, քանի որ երկրի արևելյան մասի բնակչությունը որոշիչ դեր է խաղացել Քադաֆիի ռեժիմը տապալելու մեջ: «Ցավոք սրտի, որոշ արաբական պետություններ նպաստել են նրան, որպեսզի դա տեղի ունենա, աջակցել են այդ քայլին»,- ասել է Աբդուլ Ջալիլը՝ չանվանելով կոնկրետ երկրներ: «Այդ երկրները ֆինանսավորում են նման անթույլատրելի քայլերը: Այն, ինչ տեղի է ունեցել այսօր, Լիբիայի և լիբիացների դեմ դավադրության սկիզբ է»,- ասել է նա Տրիպոլիում կայացած մամլո ասուլիսում:

Գնդապետ Քադաֆին շուրջ 130 ցեղերին պահում էր իր բռի մեջ, և հենց նրա շնորհիվ Լիբիան մինչև այժմ գոյություն ուներ որպես մեկ միասնություն: Իսկ հիմա Լիբիան, նրա հետ միասին «արաբական գարուն» ապրած մյուս երկրները, վերադառնում են մինչև Առաջին համաշխարհային պատերազմն ունեցած դրությանը, ավելի շուտ Լոուրենս Արաբացու գլխավորությամբ բրիտանական հետախուզության գործողությունների սկզբին, ով ոսկու և զենքի օգնությամբ արաբական ցեղերը միավորեց մեկ պետության՝ Իրաքի մեջ: Տարածաշրջանի մյուս մասում՝ Լիբանանում և Սիրիայում, նման առաջադրանքով գործում էին ֆրանսիացիները: Ավելի ուշ, անկախություն ձեռք բերած Եգիպտոսը, Իրաքը, Սիրիան, Լիբանանը, Լիբիան ընկան խորհրդային ազդեցության տակ (բացառությամբ Լիբանանի): Այս փոքր պատմական էքսկուրսն անհրաժեշտ էր կրկին նշելու համար, որ արաբական պետությունների բոլոր «դժբախտությունները» վաղուց են սկսվել: Իր դերը խաղացել է նաև իսլամական գործոնը: Իսկ հիմա Լիբիայում, Բահրեյնում, Սիրիայում ընդդիմություն անվան տակ կռվում են «Ալ Քայիդայի» գրոհայինները: ԱՄՆ-ն այդ փաստն արդեն ճանաչել է, որն այդքան անմտորեն աջակցեց արաբական երկրներում հեղափոխությոններին, համարելով, որ քաոսն ավելի լավ է, քան բռնապետությունը: Բանն այն է, որ հիմա ուղղակի փոխվում է բռնապետության ձևը՝ աշխարհիկից կրոնական: Այս ֆոնին ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարության ղեկավար, գեներալ Ջեյմս Մեթիսը կարծում է, որ Սիրիայում զինված դիմադրությունն այս փուլում զարգանում է հօգուտ կառավարական ուժերի: Հանդես գալով ԱՄՆ Կոնգրեսի զինված ուժերի հարցերով հանձնաժողովի լսումներում՝ նա հայտարարել է, որ «մարտի դաշտում» նախագահ Բաշար Ասադը «ակնհայտորեն հասնում է նրան, ինչին ցանկանում է հասնել»: Ինչպես գրում են համաշխարհային ԶԼՄ-ները, նա նախազգուշացրել է, որ որքան երկար ձգվեն մարտական գործողությունները, «այնքան մեծ կլինի իրավիճակին «Ալ Քայիդայի» միանալու և երկրում լայնածավալ քաղաքացիական պատերազմ սկսվելու հավանականությունը»: Մեթիսը հաստատել է, որ ԱՄՆ ունեցած տվյալների համաձայն, այդ ահաբեկչական ցանցը մասնակցել է Սիրիայում վերջերս տեղի ունեցած արյունալի ահաբեկչությունները կազմակերպելուն: Նա պատասխանատվություն է կրում «իսկապես խոշոր հարձակումների համար պայթուցիկ սարքերի կիրառմամբ», ասել է Մեթիսը: Մնում է միայն հուսալ, որ Սիրիայի իրադարձությունները չեն ընթանա լիբիական սցենարով:

Կարելի է, իհարկե, համարել, որ Հայաստանին բոլոր այս իրադարձությունները վերաբերվում են այնքանով, որքանով Մերձավոր Արևելքի երկրներում մեծ հայ համայնք կա: Բայց բացի դրանից, կա ևս մեկ բան՝ աշխարհագրությունը: Մերձավոր Արևելքն այլ մոլորակում չէ, այն մեր կողքին է: Եվ եթե Սիրիայի «հարցերը լուծեն», կգա Իրանի հերթը, իսկ դա արդեն անմիջականորեն հայկական սահմանն է: 20 տարի առաջ հրապարակված Մեծ Մերձավոր Արևելքի ամերիկյան քարտեզի վրա նշված են երկրներ, որոնք ԱՄՆ վարկածով կկորցնեն իրենց տարածքները: Դրանք են՝ Սաուդյան Արաբիան, Թուրքիան, Իսրայելը, Սիրիան, Իրանը, Աֆղանստանը, Քաթարը, Քուվեյթը, Պակիստանը: Հայաստանը կսեղմվի ազատ Քուրդիստանի և Իրանի միջև: Այնպես որ «Մեծ խաղը» դեռ առջևում է: