Բժշկական համալսարանի և թիվ 2 պոլիկլինիկայի անձնակազմը և ուսանողները դեմ են Մաշտոցի պուրակում առևտրի կենտրոնի շինարարությանը: Բժիշկների և ուսանողների ստորագրությունները մոտենում են 1000-ի:
«Պահանջում ենք քաղաքապետարանից անհապաղ դադարեցնել այգում շինարարությունը և ապամոնտաժել նշյալ ապօրինի կառույցները»,- նշված է նրանց տարածած հաղորդագրության մեջ:
Մաշտոցի այգու կառուցապատման դեմ պայքարը սկվեց 31 օր առաջ: Շարժմանը մասնակցում են քաղաքացիական նախաձեռնություններ, մասնավորապես` «Մենք ենք մեր քաղաքի տերը», «Մեր քաղաքը», «Թռչկան», «Թեղուտի պաշտպանության» քաղաքացիական նախաձեռնությունները և ՀՀ բազմաթիվ ինքնորոշված քաղաքացիներ: Շարժման գլխավոր պահանջն է ապամոնտաժել հանրային տարածքում տեղադրված կրպակներն ու սրճարանի ընդլայնված հատվածը և վերականգնել հանրային տարածքը` ի շահ հանրային սեփականության իրավունքի:
Չնայած այն փաստին, որ այգու պաշտպաններին հաջողվել է կասեցնել պուրակում ծավալվող ապօրինի շինարարական աշխատանքները և խնդիրն ուղղորդել իրավական հարթակ, այնուհանդերձ մինչ օրս չի կայացվել պաշտոնական որոշում շինարարության դադարեցման, կրպակների ու սրճարանի ընդլայնված հատվածի ապամոնտաժման և պուրակը բարեկարգելու վերաբերյալ:





