AM
12 Մարտ 2012 - 08:39 AMT

Պաշտոնական Թեհրանը ավելի կոշտ կարձագանքի Ադրբեջանի ոչ բարեկամական քայլերին

Իրանի ոսկու և արժույթի այսօրվա ռեզերվները թույլ են տալիս նրան տնտեսական համագործակցության ծրագրեր իրականացնել Հայաստանի, Տաջիկստանի հետ, առանց լուրջ արտաքին բարդությունների, PanARMENIAN.Net-ին է հայտարարել «Ժամանակակից Իրան» ամսագրի գլխավոր խմբագիր Իգոր Պանկրատենկոն:

«Անկասկած, Իրանի արտաքին քաղաքական և տնտեսական շահերը կթելադրեն նրան «հատուկ հարաբերություններ» հաստատել Թուրքիայի, Պակիստանի ու Չինաստանի հետ: Օգտագործելով «Պուտինի գործոնը», իրանական կողմը կաշխատի առավելագույնս ամրացնել քաղաքական ու տեխնոլոգիական համագործակցությունը Ռուսաստանի հետ, սակայն այստեղ հարկավոր է հաշվի առնել, որ առաջիկա մի քանի տարիներին Վլադիմիր Պուտինին չի հաջողվի հաղթահարել ռուսական դիվանագիտության և «քաղաքական դասի» «արևմտամետ ուղղվածությունը, ուստի օպերատիվ շրջադարձ «դեպի Կովկաս ու Արևելք» չի լինի և հիմնականում ամեն ինչ կսահմանափակվի հռչակագրերով ու որոշ արտաքին քաղաքական քայլերի մարտավարական համակարգումով»,-ասել է Պանկրատենկոն:

Նա նաև ընդգծել է, որ ընտրությունների արդյունքներն ու մի շարք անձանց ընտրությունը վկայում են այն մասին, որ պաշտոնական Թեհրանը (թեկուզ մեջլիսի մակարդակով) շատ ավելի կոշտ է արձագանքելու Բաքվի ամերիկամետ ու իսրայելամետ կողմնորոշմանն ու Ադրբեջանի ոչ բարեկամական քայլերին Իսլամական հանրապետության հանդեպ: