Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկեության օդաչուների ու բորտուղեկցորդուհիների աշխատավարձերը արդեն մի քանի ամիս է չեն վճարվում: PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց «Արմավիայի» օդաչուներից մեկը՝ հավելելով, որ մարտի 7-ին իրենց վճարվել է 2011 թվականի հոկտեմբեր ամսվա աշխատավարձը, իսկ բորտուղեկցորդուհիներին Մարտի 8-ին ընդառաջ անակնկալ է մատուցվել. նրանք ստացել են նաև նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների աշխատավարձերը:
«Արմավիայի» մամլո քարտուղար Նանա Ավետիսովան PanARMENIAN.Net-ի հետ զրույցում ոչ հերքեց և ոչ էլ հաստատեց այս տեղեկատվությունը: «Ես պետք է ճշտեմ»,- ասաց նա՝ խոստանալով 2 ժամից հստակ պատասխանել:
Ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկեությունը կարող է առաջիկայում սնանկ հայտարարվել: Այդ մասին օրերս հայտարարել է ընկերության սեփականատեր, հայտնի գործարար Միխայիլ Բաղդասարովը: «Կա՛մ հայտարարում ենք սնանկության մասին, կա՛մ «Զվարթնոց» օդանավակայանը 25 տոկոս իջեցնում է իր սպասարկման գները»,- հայտարարել է նա:





