Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն պաշտոնապես հայտարարել է, որ առանց ՀԱՕԿ-ի հաստատման, մարզաձևերի հանրապետական ֆեդերացիաները չեն կարող մասնակցել Օլիմպիական խաղերին:
Վերջերս Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտարարել էր, թե ՀԱՕԿ-ը իրավունք չուներ առանց ֆուտբոլի ֆեդերացիային տեղյակ պահելու պայմանագիր կնքել ռուսաստանյան ապրանքանիշ «Forward» ընկերության հետ: Նշենք, որ ՀՖՖ-ն պայմանագիր է ստորագրել «Adidas. ընկերության հետ:
«Օլիմպիական խաղերի մասնակիցները, այդ թվում ` հայաստանցիները, հանդես են գալիս մասնագիտական գույքով և հանդերձանքով: Մեր պարագայում,ասենք` հրաձիգ Նորայր Բախտամյանը չի կրակելու «Forward»-ի զենքով և չի կրելու այդ ապրանքանիշի հանդերձանքը: Նույնը վերաբերում է նաև ծանրորդներին , մարմնամարզիկներին, ըմբիշիներին և մյուսներին: Օլիմպիական խաղերում ֆուտբոլիստը նույնպես խաղադաշտում չի կրելու «Forward» -ի մարզակոշիկ , մարզաշապիկ և այլն: Փոխարենը մրցաբեմից դուրս` օլիմպիական ավանում, պատվո պատվանդանի վրա կամ էլ նախավարժանքի ժամանակ մեր պատվիրակները պարտավոր են հագնել ամենն, ինչը նրանց կհատկացնի ՄՕԿ-ի հետ համագործակցող, ՄՕԿ-ի օրենքներով աշխատող ՀԱՕԿ -ը: Հակառակ պարագայում, նույնիսկ աննշան խախտումների դեպքում, «Forward» -ը տուգանքներ կներկայացնի մեր ազգային օլիմպիական կոմիտեին»,- ասվում է Օլիմպիական կոմիտեի հայտարարության մեջ:
ՀԱՕԿ-ի և «Forward»-ի միջև կնքված պայմանագիրը գործելու է մինչև 2014 թ. դեկտեմբերի 31-ը:





