AM
12 Մարտ 2012 - 12:43 AMT

Քաղաքապետ. Լենինգրադյանն ու Իսկակովի պողոտան կապող նոր ավտոմայրուղու համար ոչ մի ծառ չի հատվելու

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, անդրադառնալով մայրաքաղաքի փողոցների երթևեկության կանոնակարգմանն ու բեռնաթափմանը, նշել է որ այդ նպատակով նախապատրաստական աշխատանքներ են տարվում Լենինգրադյան փողոցը Իսկակով պողոտային կապող նոր 2.6 կմ երկարությամբ ավտոմայրուղու կառուցման ուղղությամբ: Ճանապարհի նախագիծը հաստատվել է դեռ 2005 թվականին` որպես 2005-2020 թվականների Երևան քաղաքի զարգացման ծրագրերով գլխավոր հատակագծի բաղկացուցիչ մաս, հայտնում է քաղաքապետարանի մամլո ծառայությունը:

«Ավտոմայրուղին անցնելու է Դալմայի ագիների սահմանի հարակից տարածքով: Գլխավոր հատակագծի համաձայն՝ նշված տարածքն ընդգրկված է նախագծային ավտոմայրուղու անցումային հատվածում և շինարարական աշխատանքների ընթացքում ոչ մի այգի չի վնասվելու և ոչ մի ծառ չի հատվելու: Անհրաժեշտության դեպքում քաղաքապետարանի բնապահպանության վարչության կողմից հատուկ տեխնիկայի միջոցով կիրականացվի ծառերի վերատնկում»,-նշել է քաղաքապետը:

Շինաշխատանքների շրջանակում կկառուցվեն նաև շուրջ 1.9 կմ երկարությամբ ուղետարներ, որոնք կմիանան Ծովակալ Իսակովի պողոտային և Լենինգրադյան փողոցին:

Շինարարության և բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ շարունակվում են մայրաքաղաքի կենտրոնական և երկրորդական փողոցների փոսալցման և ճաքալցման աշխատանքները: Հարցի հետ կապված քաղաքապետը նշել է, որ առանձին փողոցներում, այդ թվում կենտրոնական, առաջացած փոսերի հետևանքով գոյանում են արհեստական խցանումներ, որոնցից խուսափելու համար անհրաժեշտ է հնարավորին սեղմ ժամկետում ավարտել երթևեկությամբ ծանրաբեռնված փողոցների ժամանակավոր փոսալցման աշխատանքները: