AM
13 Մարտ 2012 - 05:41 AMT

Դամասկոսը Քաթարին և Սաուդյան Արաբիային մեղադրում է Սիրիայում արյունահեղության մեջ

Մի շարք պետություններ, ինչպիսիք են Քաթարն ու Սաուդյան Արաբիան, որոնք օժանդակում են Սիրիայի տարածքում գործող զինված ահաբեկչական խմբավորումներին, կրում են ողջ պատասխանատվությունը սիրիական ժողովրդի դեմ իրագործվող ահաբեկչական հարձակումների համար, հայտնել է Սիրիայի տեղեկատվության նախարար Ադնան Մահմուդը, երեքշաբթի օրը հաղորդել է CAHA սիրիական գործակալությունը: «Որոշ երկրներ, ինչպիսիք են Քաթարն ու Սաուդյան Արաբիան, որոնք գումարներով, զենքով և առանձնահատուկ վերաբերմունքով օժանդակում են զինված ահաբեկչական խմբավորումներին, ողջ սիրիական ժողովրդին որպես թիրախ ընտրած ահաբեկիչների մեղսակիցներն են և պատասխանատվություն են կրում այն բանի համար, որ սիրիական արյուն է թափվում»,- ասել է նախարարը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Սիրիայում գրեթե մեկ տարի չեն դադարում հակակառավարական բողոքները, որոնք սկսվել են մարտ ամսին: Սիրիական ընդդիմության ներկայացուցիչների մեծ մասը և Արևմուտքի մի շարք երկրներ պահանջում են նախագահ Բաշար Ասադի հրաժարականը: Այդ պահանջն օժանդակում են ԱՄՆ-ը և ԵՄ երկրները, որոնք մի շարք տնտեսական պատժամիջոցներ են ներմուծել Դամասկոսի հանդեպ: ՄԱԿ-ի տվյալներով, Սիրիայում անկարգությունների զոհերի քանակը գերազանցել է 7,5 հազարը: