AM
13 Մարտ 2012 - 05:46 AMT

ԱՄՆ Կոնգրեսը կարող է խնդրել Օբամային հաշվետու լինել Սիրիայի հարցում իր հետագա գործողությունների մեջ

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամները կարող են խնդրել նախագահ Բարաք Օբամային հաշվետու լինել Սիրիայի հարցում իր հետագա գործողությունների վերաբերյալ: Համապատասխան բանաձևի նախագիծը դրվել է իրավական հարցերի հանձնաժողովի քննարկմանը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Կոնգրեսականների մտահոգությունն են առաջացրել ԶԼՄ-ների հաղորդագրություններն այն մասին, թե գործող վարչակազմը դիտարկում է «Սիրիայի խնդրի լուծման բոլոր տարբերակները, չբացառելով նաև ուժայինը»: Հանրապետական կոնգրեսական Ուոլթեր Ջոնսը պալատի քննարկմանն է ներկայացրել մի բանաձև, որը զգուշացնում է նախագահին արտերկրում ԱՄՆ զինված ուժերի կիրառման անթույլատրելիության մասին առանց Կոնգրեսի թույլտվության:

Նմանատիպ նախազգուշացումներ արդեն հասցեագրվել են նախագահին ավելի վաղ, 2011-ի սկզբին, երբ ՆԱՏՕ-ի երկրները Ֆրանսիայի նախաձեռնությամբ ռազմական գործողություն սկսեցին Լիբիայի դեմ: