Մի քանի օր տևած մարտերի արդյունքում Սիրիայի կառավարական զորքերը ապստամբներից ազատագրել են Իդլիբ հյուսիսային քաղաքը: Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կողմնակից ստորաբաժանումները մարտի 9-ին գրոհել են սիրիա-թուրքական սահմանի հարևանությամբ գտնվող Իդլիբ գավառը: Ապստամբները պնդում են, որ կառավարական զորքերը տասնյակ խաղաղ բնակիչներ են սպանել, որոնց մարմինները տեղափոխել են մզկիթներ, հաղորդում է ՌԲԿ-ն` հղում կատարելով Al Jazeera-ին:
Նախօրեին Սիրիայի նախագահը հայտարարել է 2012թ. մայիսի 7-ին խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին:
Սիրիայում գրեթե մեկ տարի չեն դադարում հակակառավարական բողոքները, որոնք սկսվել են մարտ ամսին: Սիրիական ընդդիմության ներկայացուցիչների մեծ մասը և Արևմուտքի մի շարք երկրներ պահանջում են նախագահ Բաշար Ասադի հրաժարականը: Այդ պահանջն օժանդակում են ԱՄՆ-ը և ԵՄ երկրները, որոնք մի շարք տնտեսական պատժամիջոցներ են ներմուծել Դամասկոսի հանդեպ: ՄԱԿ-ի տվյալներով, Սիրիայում անկարգությունների զոհերի քանակը գերազանցել է 7,5 հազարը:





