ԱՄՆ և Իսրայելի ներխուժումը Իրան տեղի կունենա մինչև տարեվերջ, հայտնել է «Կոմերսանտը», հղում անելով ՌԴ ԱԳՆ բարձրաստիճան աշխատակցին:
«Ներխուժումը տեղի կունենա մինչև տարեվերջ: Իսրայելցիներն, ըստ էության, շանտաժի են ենթարկում Օբամային, հետաքրքիր վիճակի մեջ դնելով նրան՝ կամ նա կսատարի պատերազմին, կամ ինքը կզրկվի ազդեցիկ հրեական լոբբիի աջակցությունից»,-մեջբերում է թերթը դիվանագետին, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Թերթը նշում է, որ երկուշաբթի Նյու Յորքում տեղի ունեցած ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի բանակցությունների ընթացքում, Քլինթոնը նրան խնդրել է Իրանի իշխանություններին իրազեկել, որ ապրիլին Իրանի հետ կայանալիք բանակցությունները «վեցնյակի» հետ պատերազմից խուսափելու Թեհրանի վերջին շանսն է:
Բանակցությունների օրն ու կոնկրետ վայրը դեռ հայտնի չեն: Ըստ թերթի, Ռուսաստանն արդեն որոշակիացրել է իր դիրքորոշումը պատերազմի դեպքում: «Մենք հաշվարկել ենք գործողությունները Իրանի դեմ պատերազմի դեպքում: Այդ դեպքի համար կա մոբիլիզացիոն պատրաստություն»,-հավաստիացրել է ՊՆ ներկայացուցիչը: Նա նշել է, որ մարտական գործողություններն Իրանում «կարող են բարդացնել առանց այդ էլ բարդ իրավիճակը Կովկասում»:





