Նիկոլյա Սարկոզիի հայտարարությունը բուռն արձագանք է ստացել Եվրոպայում: Նախագահը սպառնացել է ընտրվելու դեպքում կասեցնել Ֆրանսիայի մասնակցությունը Շենգենի պայմանագրին, եթե միջոցներ չձեռնարկվեն ապօրինի միգրանտների ԵՄ թափանցելու դեմ:
Եվրախորհրդարանում, որի նիստն այժմ ընթանում է Ստրասբուրգում, ոմանք դա գնահատել են որպես ցինիկ նախընտրական քայլ:
Սարկոզիին սատարել է Եվրոպական ժողովրդական կուսակցության առաջնորդ Ժոզեֆ Դոլը:
«Պարոն Սարկոզին միշտ հարգել է Շենգենի պայմանագիրը: Սակայն, եթե խնդիր կա կապված Եվրոպայի արտաքին սահմանների հետ, հարկավոր է ինչ-որ բան անել: Հունաստանի նման երկրները, ծանր ֆինանսական դրության մեջ լինելով, չեն կարողանում ինչպես հարկն է պահպանել արտաքին սահմանները»:
Իր հերթին հույն պատգամավոր Նիկի Տազելան ասել է. «Բանը միայն գումարը չէ: Համապատասխան օրենք է պետք ու հզոր զորքեր, թույլ չտալու համար, որ ապօրինի ներգաղթյալները հատեն եվրոպական սահմանները»:





