Ականապատված ավտոմեքենան պայթել է Աֆղանստանում կոալիցիոն զորքերի ռազմակայանի թռիչքուղու վրա այն պահին, երբ այնտեղ է ժամանել ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետտան: Այդ մասին հաղորդում է SkyNews բրիտանական հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի աղբյուրների տվյալների համաձայն` ավտոմեքենան, որը վարում էր մահապարտ ահաբեկիչը, Camp Bastion բրիտանական ռազմակայանի թռիչքուղի է դուրս եկել այն պահին, երբ ԱՄՆ պաշտպանության նախարարի ինքնաթիռը կամ վայրէջք էր կատարում, կամ հենց նոր կատարել էր: Պայթյունից հետո ավտոմեքենան այրվել է, սակայն Պենտագոնի ղեկավարի ինքնաթիռը չի տուժել, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:
Ամերիկյան հատուկ ծառայությունները ենթադրում են, որ դա ԱՄՆ պաշտպանության նախարարի հանդեպ մահափորձ էր ահաբեկչի կողմից:





