Որքանո՞վ է անվտանգ սննդի մեջ օգտագործվող ջուրը և որքանո՞վ են մեր ջրերը համապատասխանում ավտանգ սնունդ ունենալու պահանջին: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս հարցերը բարձրաձայնեցին ոլորտի մասնագետները` փորձելով հասկանալ առաջնային խնդիրներն ու կառավարության առաջիկա անելիքները:
Հայաստանի համար այս խնդիրը շատ ակտուալ է: Կեղտաջրերի մաքրման կայանների բացակայության պայմաններում հիմնականում ոռոգումը կատարվում է մակերևութային ջրային ռեսուրսների հաշվին, և այդպիսով ոռոգման ջուրը աղտոտվում է: Դրա վառ օրինակը Արարատյան դաշտավայրն է, որը ոռոգվում է Հրազդան գետի ջրերով, որի մեջ են լցվում Աերացիայի կայանի չմաքրված արտադրաջրերը:
«Գլոբալ ջրային համագործակցություն» ՀԿ նախագահ Արևիկ Հովսեփյանը նշեց, որ այս դեպքում ամենավտանգավորը հենց արտադրական կեղտաջրերն են: Բանախոսը բացատրեց, որ կեղտաջրերի մաքրման կայանները մաքրում են միայն կենցաղային կեղտաջրերը, իսկ արտադրականի դեպքում դրանք անզոր են: Այս ամենը խաթարում է սննդի անվտանգությունը:
«Կառավարությունը պետք է հատուկ ռազմավարություն մշակի, որով կվերահսկվի այն մասնավոր ընկերությաունների գործունեությունը, որոնք բաց են թողում այդ ջրերը»,- ասաց բանախոսը:
Խոսելով խմելու ջրի անվտանգության խնդիրների մասին` Ջրային ռեսուրսների համապարփակ կառավարման մասնագետ Լիլիթ Հարությունյանը նշեց, որ այս ոլորտի համար մենք ունենք շատ լավ մշակված օրենսդրություն, և խնդիրը այն կիրառելու մեջ է: «Միջադեպերը, որոնք երբեմն պատահում են այս ոլորտում, կապված են «ծերացած» ջրային համակարգի հետ»,-ասաց մասնագետը:





