«Արի տուն» ծրագրի շրջանակում այս տարի ևս Երևանը կհյուրընկալի սփյուռքից ժամանած պատանիների և երիտասարդների: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այսօր քաղաքապետարանի աշխատակազմի հետ այս և այլ ծրագրերի շուրջ մի շարք հարցեր են քննարկել:
«Վերջին տարիներին «Արի տուն» ծրագիրը մեծ հետաքրքրություն է առաջացրել ինչպես դրսում բնակվող մեր պատանի հայրենակիցների, այնպես էլ մայրաքաղաքի դպրոցականների շրջանում: Մենք պատրաստակամ ենք համագործակցելու և քաղաքապետարանի լիազորութունների շրջանակում աջակցելու նախարարության ծրագրերին»,-նշել է Տարոն Մարգարյանը:
Շնորհակալություն հայտնելով քաղաքապետին պատրաստակամության համար`Հրանուշ Հակոբյանը կարևորել է վարչական շրջանների դերն ու աջակցությունը երեխաների հյուրընկալման և առօրյայի հետաքրքիր կազմակերպման գործում: «Ծրագիրը մեծ ոգևորություն է առաջացրել սփյուռքում: Մենք շնորհակալ ենք մայրաքաղաքում բնակվող այն բոլոր ընտանիքներին, որոնք ցանկություն են հայտնում հյուրընկալել երեխաներին»,-նշել է Հրանուշ Հակոբյանը:
Ծրագրի իրականացման նպատակով կձևավորվի համատեղ աշխատանքային խումբ:
Երևանի Քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու սփյուռքի նախարարը քննարկել են նաև «Իմ Հայաստան» խորագրով մշակութային փառատոնի կազմակերպչական հարցեր, որի շրջանակում ամռանը նախատեսվում են բացօթյա համերգային ծրագրեր մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում:





