Բեյրութում տեղի է ունեցել լրագրող Թաթուլ Հակոբյանի նոր՝ «Հայացք Արարատից. հայերը և թուրքերը» գրքի շնորհանդեսը: Այսօր ներկայացված շուրջ 500 էջանոց աշխատությունը, որի վրա հեղինակն աշխատել է մոտ ութ տարի, առաջին անգամ հրատարակվել է արևմտահայերենով և դասական ուղղագրությամբ:
Գյումրիում և Երևանում ապրիլի առաջին օրերին կներկայացվի գրքի արևելահայերեն տարբերակը, իսկ աշնանը տպագրության պատրաստ կլինի նաև գրքի անգլերեն թարգմանությունը` հինգ հազար օրինակ տպաքանակով: «Սա իմ առաջին`«Կանաչ ու սև. արցախյան օրագիր» գրքի շարունակություն է՝ երկրորդ հատորը»,- շնորհանդեսին նշել է Թաթուլ Հակոբյանը:
Հեղինակը ներկայացրել է Երևան-Անկարա հարաբերությունները, կատարել է արխիվային աշխատանք: Նա այցելել է Արևմտյան Հայաստան, տասնյակ հարցազրույցներ ունեցել հայ, թուրք և օտար դիվանագետների, նախագահների, պատմաբանների հետ:





