AM
20 Մարտ 2012 - 06:27 AMT

Պան Գի Մունն աշխարհին կոչ է անում «միավորվել սիրիական ճգնաժամի լուծման համար»

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Սիրիայում ստեղծված իրադրությունն «անթույլատրելի» և « անընդունելի» է անվանել և միջազգային հանրությանը կոչ է արել միավորվել սիրիական հակամարտության կարգավորման համար, հաղորդում է «Ֆրանս Պրես» գործակալությունը` հղում կատարելով միջազգային կազմակերպության ղեկավարի հայտարարությանը:

«Իրադրությունը Սիրիայում միջազգային հանրությանը հուզող առավել լուրջ խնդիրներից մեկն է դարձել: Մենք ոչ մի րոպե չենք կարող կորցնել: Յուրաքանչյուր րոպե, յուրաքանչյուր ժամ նոր մահեր է նշանակում»,- հայտնել է Պան Գի Մունը, ով երեքշաբթի օրը այցով գտնվում է Ինդոնեզիայում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Սիրիայում գրեթե մեկ տարի չեն դադարում հակակառավարական բողոքները, որոնք սկսվել են մարտ ամսին: Սիրիական ընդդիմության ներկայացուցիչների մեծ մասը և Արևմուտքի մի շարք երկրներ պահանջում են նախագահ Բաշար Ասադի հրաժարականը: Այդ պահանջն օժանդակում են ԱՄՆ-ը և ԵՄ երկրները, որոնք մի շարք տնտեսական պատժամիջոցներ են ներմուծել Դամասկոսի հանդեպ: ՄԱԿ-ի տվյալներով, Սիրիայում անկարգությունների զոհերի քանակը գերազանցել է 7,5 հազարը: Սիրիական իշխանություններն իրենց հերթին խոսում են երկու կողմերի ավելի քան 2 հազար զոհերի մասին, այդ թվում` իրավապահ մարմինների աշխատակիցների ավելի քան 1,1 հազար զոհերի մասին: Սիրիայի իշխանությունները հայտնում են, որ կառավարական զորքերի դեմ լավ զինված մարտիկներ են գործում: