Հայաստանում վերջին տարիներին հեղինակային իրավունքների պաշտպանության հետ կապված հայցադիմումների ավելանալու միտում է նկատվում: Լրագրողների հետ հանդիպմանն այսօր այս մասին ասաց «Հայ հեղինակ» հեղինակային իրավունքների պաշտպանության ՀԿ տնօրեն Սուսաննա Ներսիսյանը:
«Եթե 2000-ական թվականների սկզբներին շատ քիչ էին դիմողները, ապա այսօր գրեթե ամեն օր հայցեր են ներկայացվում դատարաններ կապված և՛ գրագողության, և՛ այլ խնդիրների հետ»,-նշեց բանախոսը:
Բանախոսը մանրամասնեց, որ հաճախ պայմանավորվածություններն այս ոլորտում օրենքի ուժ չեն ունենում, քանի որ չկա ստորագրված գրավոր պայմանագիր, հիմնական պայմանավորածությունները բանավոր են լինում: Ըստ նրա` պետք է մեզանում զարգացնել գրավոր պայմանավորվածություններ կազմելու մշակույթը հետագայում խնդիրներից խուսափելու համար:
Սուսաննա Ներսիսյանը նաև նշեց, որ Հայաստանում այժմ հեղինակային իրավունքների խախտման համար ամենախոցելին ֆիլմերի, երաժշտության և նորագույն տեխնոլոգիաների ոլորտներն են:





