«Պետք չէ հաշմանդամին կենսաթոշակով կամ նպաստով կերակրել: Ժամանակն է, որ իրենք աշխատեն ու իրենց աշխատանքով էլ ապրեն: Պետք չէ խղճալ, այլ պետք է աջակցել»,- այսօր ԱՄՆ ՄԶԳ և «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության «Հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակադակի բարելավում զբաղվածության խթանման միջոցով» համատեղ ծրագրի շնորհանդեսի ժամանակ նման կարծիք հայտնեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը:
Ծրագրի նպատակն է Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց համար աշխատանքային հավասար պայմաների ապահովումը: «Լայֆ» ծրագիրը կիրականացվի Երևանի 10 համայնքներում և Արարատի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի մարզերում՝ 29 զբաղվածության կենտրոնների հետ:
Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնը նշեց, թե որքան շատ է կարևորում նման ծրագրերն ու որպես օրինակ ներկայացրեց իր ընտանիքը. «Մենք միշտ սատարել, աջակցել ենք ամերիկացի հաշմանդամ երեխաներին, ու հիմա էլ պատրաստվում ենք աջակցել հայ երեխաներին: Սա առաջնային խնդիր է բոլորիս համար»:
«Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Իրինա Սաղոյանն էլ նշեց, որ ՀՀ բնակչության 6 տոկոսը հաշմանդամ են՝ 177 հազար մարդ. «Նրանցից 8 հազարը երեխաներ են: Եվ հաշմանդամներից ընդամենը 8-9 տոկոսն է աշխատում, ինչը համարում ենք շատ ցածր ցուցանիշ և կարծում ենք, որ այս հարցը պետք է լուծվի»:





