AM
21 Մարտ 2012 - 14:05 AMT

Հատուկ նշանակության կառույցները շարունակում են անմատչելի մնալ հաշմանդամների համար

Շրջակա միջավայրի անմատչելիությունը հաշմանդամի հիմնական խնդիրն է՝ անմատչելի են մասնավորապես հատուկ նշանակության կառույցները: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց «Լիարժեք կյանք» ՀԿ նախագահ Սուրեն Մաղաքյանը. «Եթե հաշմանդամը չի կարող ազատ մոտք գործել պետական կառույց, ապա կարող է ենթադրել, որ ինքը խտրականության զոհ է»:

ՀԿ նախագահը առանձնացրեց հաշմանդամի համար տրանսպորտի անմատչելիության խնդիրը ևս.«Վերջերս Հայաստանը մեծ քանակությամբ ավտոբուսներ ներկրեց, հետաքրքիր է` դրանցից քանիսն է հարմարեցված հաշմանդամների ազատ տեղաշարժի ապահովման համար»:

Սուրեն Մաղաքյանը առանձնացրեց նաև հաշմանդամների շրջանում առկա ևս մեկ խնդիր`կրթության բնագավառում: «Հանրակրթության բնագավառի հաշմանդամների օգտին քայլեր քիչ թե շատ ձեռնարկվում են: Նույնը չենք կարող ասել մասնագիտական կրթության ոլորտի մասին, յուրաքանչյուր հաշմանդամ լիարժեք բարձարագույն կրթության իրավունք ունի»,-նշեց նա: Անդրադառնալով հաշմանդամների նկատմամբ հասարակական վերաբերմունքին`Սուրեն Մաղաքյանը նշեց, որ հասարակական գիտակցությունն այդ հարցում բավականին բարձրացել է:

«Վերջերս հայկական սերիալներից մեկում հաշմանդամի հասցեին հնչած արտահայտությունը և դրա շուրջ բարձրացած աղմուկը ցույց տվեց, որ հաշմանդամների նկատմամբ հասարակական գիտակցությունը բավականաչափ զարգացում չի ապրել, սակայն դրա միտումներն արդեն նկատելի են»,-հայտնեց ՀԿ նախագահը՝ հավելելով, որ հաշմանդամների խնդիրների լուծման տեմպերն, այնուամենայնիվ, դանդաղ են: